Ուսանողները հանդիպում են պահանջում վարչապետի հետ - RadioVan.fm

Онлайн

Ուսանողները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

2017-11-09 15:20 , Общество, 1070

Ուսանողները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

Արդեն երրորդ օրն է ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով տարկետման իրավունքի կասեցման վերաբերյալ կառավարության հեղինակած օրինագծի շուրջ:

Ոսանողների բողոքի ակցիան այսօր կառավարության շենքի առջև է, նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ:

Նրանց ընդառաջ է գնացել վարչապետ Կարեն Կարապետյանի ավագ օգնական Արամ Վարդևանյանը: Նա ուսանողներին ասել է, որ տարկետման իրավունքն ընդամենը սահմանափակվում է, այլ ոչ թե ամբողջությամբ վերանում:

Չնայած դրան՝ ուսանողները պնդել են, որ ցանկանում են հանդիպել վարչապետի հետ, լսել նրա կարծիքը:

Վարդևանյանը վստահեցրել է, որ կհաղորդի նրանց ցանկությունը վարչապետին: «Կճշտեմ, կմոտենամ»,- ասել է նա:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով, որն ԱԺ-ում քննարկվել և ընդունվել է առաջին ընթերցմամբ, առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող այն քաղաքացուն, ով ՀՀ պաշտպանության նախարարության հետ կկնքի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը: Այդ պարագայում ծառայությունը տևելու է երեք տարի:

Դասադուլավորների համոզմամբ՝ պարդադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Лента

Рекомендуем посмотреть