Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես Հայաստանում ապաստանած մի խում երեխաներ այսօր հյուրընկալվել են ՀՀ նախագահի նստավայրում։
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի աշխատակազմը, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ համագործակցությամբ, արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպել՝ նախագահական նստավայրում բեմադրվել է «Բրեմենյան երաժիշտները» մանկական ներկայացումը։
«Այս օրերին շատ կարևոր է արցախցի երեխաներին հոգեբանական թիկունք լինելը, քանի որ երեխաները հասարակության ամենախոցելի մասն են, նրանց հուշերում դեռ շատ կմնա այն մղձավանջը, որն ապրեցին: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավորը այս երեխաների համար»,-հոգեբանական աջակցության տեսանկյունից կարևորելով նախաձեռնությունը՝ նշել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի բոլոր թատրոնների դռները բաց կլինեն արցախցի երեխաների առջև:
Ներկայացումից հետո երեխաներին նաև նվերներ են փոխանցվել Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից: