Հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հայտնի լուսանկարի հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ նշում է, որ իր որդու պայքարը դեռ չի ավարտվել և հորդորում է թևաթափ չլինել:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երախտապարտ եմ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից ինձ ու իմ ընտանիքին հասցեագրված հարյուրավոր նամակների, զանգերի համար. շնորհակալ եմ, որ մեր կողքին եք: Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել: Ես հավատում եմ, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայության ջանքերի մեկտեղումն անչափելի ուժ է, որը մեզ կբերի այն հաղթանակը, որի համար պայքարում ենք օր ու գիշեր և որի համար իր կյանքը չխնայեց նաև իմ Հերոս որդին:
Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք: Մեր պայքարն արդար է, և մենք, վստահաբար, Հաղթելու ենք:
Դիմում եմ Հայաստանում և աշխարհում գործող միջազգային կառույցներին, օտարերկրյա կազմակերպություններին, աշխարհի կառավարություններին՝ անտարբեր չլինելու կոչով և մեր Հայրենիքում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու խնդրանքով: Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր Հայրենիքը:
Խաղաղություն մեր երկրին, և #ՀԱՂԹԵԼՈւ ենք»,-գրել է Արտակ Հովհաննիսյանը: