«Մենք հակառակորդի վիրավորներին ենք բուժում, իրենք մեր գերիներին գլխատում են»․ Համբուրգում բարձրաձայնել են հայերի դեմ ցեղասպանության նոր ալիքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մենք հակառակորդի վիրավորներին ենք բուժում, իրենք մեր գերիներին գլխատում են»․ Համբուրգում բարձրաձայնել են հայերի դեմ ցեղասպանության նոր ալիքի մասին  

2020-10-16 19:38 , Общество, 1432

«Մենք հակառակորդի վիրավորներին ենք բուժում, իրենք մեր գերիներին գլխատում են»․ Համբուրգում բարձրաձայնել են հայերի դեմ ցեղասպանության նոր ալիքի մասին

Ընդդեմ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում ապրող հայերը բազմամարդ ակցիա են իրականացրել՝ առավոտ վաղ ավելի քան 3 ժամով փակելով քաղաքի 12-13 կմ երկարությամբ ձգվող համար 1 ավտոմայրուղին:

Ակցիայի մասնակիցները պահանջել են Գերմանիայի իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու ուղղությամբ, ինչպես նաև ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը:

«Գերմանիայի զենք-զինամթերքի օգնությամբ, վարձկանների ներգրավմամբ 100 տարի անց էլի ցեղասպանություն են ուզում անեն: Հայ ժողովրդին ոչնչացնել չի լինի»,-ընդգծել է ակցիայի մասնակիցներից մեկը:

«Նպատակն էր նաև տեղի լրատվամիջոցներին, գերմանացիներին իրազեկենք, թե ինչու ենք բողոքում, իրենք իմանան իրականությունը, այն, որ Արցախը հայկական հող է և թշնամու ներկայիս ագրեսիայի հետևանքով այնտեղ խաղաղ բնակիչներ, երեխաներ են զոհվում: Որ մենք հակառակորդի վիրավորներին ենք բուժում, իսկ իրենք մեր գերիներին տանջամահ են անում ու գլխատում են»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց համբուրգաբնակ Արցախյան ազատամարտի մասնակից Սրապիոն Գևորգյանը, որի որդին այս օրերին առաջնագծում պայքար է մղում թշնամու ահաբեկչական ուժերի դեմ:

Համբուրգի գլխավոր մայրուղում կրկին ծածանվել է տարբեր երկրներով շրջած «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի պատրաստած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող 100 մետր երկարություն ունեցող հայոց եռագույնը՝ ահազանգելով, որ թշնամին այս օրերին փորձում է հայերի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունն իրագործել:

Մայրուղու կաթվածահարման ու խցանումների պատճառով վարորդների կողմից դժգոհություններ եղել են՝ ոմանք աշխատանքից են ուշացել, ոմանք՝ օդանավակայանից, ոմանք էլ՝ մատակարարումներից, սակայն նրանց բացատրվել է, որ այդ պահին անարդարության դեմ պայքարի միակ միջոցը դա է:

Սրապիոն Գևորգյանի խոսքով՝ ակցիան տվել է ցանկալի արդյունք, տեղի լրատվամիջոցներն անդրադարձել են խնդրին՝ բարձրաձայնելով ճշմարտությունը, միայն Գերմանիայի երկրորդ ալիքն է հակահայկական անդրադարձ արել: Զրուցակիցս կասկածներ ունի, որ այն կամ թուրք ղեկավար ունի, կամ էլ՝ կաշառված է:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Տեսանյութը և լուսանկարները՝ Համբուրգում «Ռադիո Վան»-ի աղբյուրի

Лента

Рекомендуем посмотреть