ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է տարկետման իրավունքի կասեցման դեմ բողոքող ուսանողներին: Նրանք, նշենք, արդեն երկրորդ օրն է դասադուլ են հայտարարել՝ պահանջելով հանդիպում ՀՀ պաշտպանության և կրթության և գիտության նախարարների հետ:
Դասադուլավորների համոզմամբ՝ պարդադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումը կխոչընդոտի գիտության զարգացմանը։
ԿԳ նախարարության նիստերի դահլիճում նախարարի հետ հանդիպմանն ուսանողները նշել են, որ նախագիծը խոչընդոտներ է առաջացնում նաեւ բուհերի համար՝ ուսանողների քանակի հետ կապված: «Բուհերում ֆիզմաթ ուղղվածությունը նախընտրում են հիմնականում տղաները: Օրենքի ընդունումից հետո այդ ֆակուլտետներում ուղղակի մարդ չի մնա»,-նշել են ուսանողները:
«Մենք յուրաքանչյուր տարի տարկետում ենք տրամադրում 5-6 հարյուր հոգու, իսկ սա այն թիվը չէ, որի վրա հենվելով կարող ենք ասել, որ տղաները բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում շատ կլինեն, կամ քիչ: Բաշխվածությունն այս առումով հավասարաչափ է»,-ասել է նախարարը:
Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով, որն ԱԺ-ում քննարկվել և ընդունվել է առաջին ընթերցմամբ, առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող այն քաղաքացուն, ով ՀՀ պաշտպանության նախարարության հետ կկնքի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը: Այդ պարագայում ծառայությունը տևելու է երեք տարի: