Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ, սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին:
Այդ մասին րոպեներ առաջ տարածած հայտարարությունում ընդգծում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):
ԱԳՆ հայտարարությունում նաև ընդգծվում է.
«Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։
-Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման են անցել հարավային ճակատում։
-Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:
-Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
-Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաև համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություներին:
-Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով:
-Պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը»։