Հանրապետական Թալսի Գաբբարդի (Գաբբարդը դուրս է մնացել 2020 թ. նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք 59-րդ նախագահական ընտրապայքարից-խմբ.) նախաձեռնությամբ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով բանաձև է ներկայացվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բանաձևի շրջանակում կոչ է արվում այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել դաշնակիցների հետ։
Բանաձևերի մի քանի կետեր առնչվում են հայերի նկատմամբ Թուրքիայի թշնամանքին և ագրեսիային:
Նշվում է, որ Թուրքիան, որը նախկինում քաղաքական աջակցություն էր հայտնում Ադրբեջանի դիրքորոշմանը, այժմ ակտիվ ներգրավված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ տրամադրելով ուղղակի ռազմական աջակցություն: Բացի այդ Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապ ունեն «Ալ Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ:
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին ներկայացված բանաձևում ընդգծվում է նաև փաստը, որ Թուրքիան մասնակցել է կամ ուղղակիորեն ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, և որ F-16 կործանիչները ներգրավված են եղել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ կատարված հարձակումներում:
Բանաձևում հիշատակվում է նաև ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող ՀՀ-ի հետ Թուրքիայի կողմից սահմանի փակ լինելու հանգամանքը, շեշտվում է, որ, թեև ՆԱՏՕ-ն կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու բռնությունները Լեռնային Ղարաբաղում՝ ի պատասխան ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման, Թուրքիան ՆԱՏՕ-ի դիրքո-րոշմանը հակառակ է գործել՝ հրապարակային կերպով աջակցելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիային: