ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով մեծաթիվ տեղահանվածների մասին: Նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների վրա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը և դրան հաջորդած իրավիճակին՝ ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին հայտնել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը և խախտելով ձեռքբերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից:
«ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:
Զոհրաբ Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն:
Զրուցակիցներն ընդգծեցին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: