ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շարփն այցելել է խաղաղ բնակավայրերում հակառակորդի ագրեսիայից վիրավորված երեխաներին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շարփն այցելել է խաղաղ բնակավայրերում հակառակորդի ագրեսիայից վիրավորված երեխաներին

2020-10-17 01:03 , Политика, 1286

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շարփն այցելել է խաղաղ բնակավայրերում հակառակորդի  ագրեսիայից վիրավորված երեխաներին

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում պրն. Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները, նաև՝ իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի:

Բացահայտել են, որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակել են իրենց շների նկարները և պայմանավորվելՆարեկի ապաքինումից հետո միասին շախմատ խաղալ:

«Քանի որ Ռուբենը իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, պրն. Շարփը երկար զրուցեց նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմեց դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո:

Բուժանձնակազմի խոսքով, փոքրիկ Արծվիկը այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտաց՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից բերված խաղալիքներով»,-նշված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է պրն. Շարփը իր այցի ժամանակ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից:

Նշվում է, որ այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք է եղել: Ընդգծվում է՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ:

Հիշեցնենք՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը Twitter-ում կատարած գրառմամբ ՄԱԿ-ից և ՅՈՒՆԻՍԵՖ-ից Արցախի քաղաքացիական բնակչության հետ կատարվողի վերաբերյալ գնահատականներում ու արձագանքներում հավասար վերաբերմունք է պահանջել:

«Ինչպե՞ս հասկանալ դա. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կողմնակալ գրառումնե՞ր են կատարում պատերազմի հետևանքների մասին: Որտե՞ղ է ՄԱԿ-ը, որտե՞ղ է ՅՈՒՆԻՍԵՖԸ, երբ Արցախի քաղաքացիական բնակչությունը սպանվում է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով: Ոչ մի բառ, ոչ մի այցելություն, ոչ մի օգնություն: Պահանջում եմ հավասար վերաբերմունք մարդկային ողբերգությանը»,-գրել էր նա:

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ Twitter-ում ընդդեմ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպի՝ պարսավանքի արշավ է սկսել՝ «Որտե՞ղ են ձեր թվիթերը Ստեփանակերտից, Մարտակերտից, Մարտունուց և Վարդենիսից»/@ShombiSharp Of @UNArmenia, where are your tweets from Stepanakert, Martakert, Martuni and Vardenis?, «Ինչո՞ւ եք կույր մնում: Ինչո՞ւ եք կողմնակալ»/Why do you remain blind? Why are you biased? մոտիվներով:

Նա, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է գյանջա և մի լալահառաչ թվիթ արել՝ քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին։ Հիմա՝ հարցեր։ Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը։ Ինչու՞ չի այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, կամ գոնե Վարդենիս։ Արդյո՞ք նա տեղեկացնում է ՄԱԿ-ի վերաբերելի կառույցներին՝ Արցախում և ՀՀ-ում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, ադրբեջանի մյուս ռազմական հանցագործությունների մասին»։

Лента

Рекомендуем посмотреть