Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:
Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է:
Հաղորդվում է, որ գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ էլ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
«Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության առավոտյան 8:30-ի սահմաններում տարածած հաղորդագրությունում: