Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Ադրբեջանում գերեվարված երկու հայ զինծառայողների դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանն ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը:
Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյլանյանը՝ նշելով, որ Դատարանը միաժամանակ պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ երկու օր առաջ Արտակ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են, կան լուրեր, որ նրանք վնասվածքներ ունեն։ Նա հայտնել էր, որ իրավաբանների խումբը հոկտեմբերի 11-ին գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020թ։
Արտակ Զեյնալյանը նշում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։ Դրա հիման վրա էլ Եվրադատարանը բվարարել է դիմումատուների՝ զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանի և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի պահանջը: