Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4005 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1465 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք, առողջացել է 422 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 16-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61 460 դեպք է հաստատվել, որոնցից 47 541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է։
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 10 ելքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 83 (կին), 68 (տղամարդ), 86 (տղամարդ), 86 (կին), 93 (կին), 73 (կին), 60 (տղամարդ) և 73 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 549 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում:
Հիշեցնենք՝ երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին հղած տեսաուղերձում հորոդորել է պատերազմական այս օրերին առավել պատասխանավությամբ վերաբերվել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ «Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Շարունակեք կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն»,-ասել էր նա։