Ադրբեջանական դիվերսանտները Հադրութում սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հայ գերիներին․ քրգործի փաստական տվյալներ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական դիվերսանտները Հադրութում սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հայ գերիներին․ քրգործի փաստական տվյալներ

2020-10-16 17:30 , Право, 3826

Ադրբեջանական դիվերսանտները Հադրութում սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հայ գերիներին․ քրգործի փաստական տվյալներ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից (ԱՀ ՔԿ) հայտնում են, որ վարույթ են ընդունել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ:

«Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ իրականացված համապատասխան միջոցառումների հիման վրա ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը, ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված և փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. և 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց:

ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքնությունը շարունակվում է»,-ասված է ԱՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Երեկ հայտնել էինք, որ դիվերսանտների կողմից 2 հադրութցու առանձնակի դաժանությամբ սպանելու դեպքով ԱՀ գլխավոր դատախազության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ թշնամին մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով՝ փորձում է ներխուժել Հադրութ, Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում:

Օրվա ընթացքում դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացման ռազմագործությունը շարունակվել է։

Օրվա ավարտին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Հադրութի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, և քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի (ԶՈւ) լիարժեք հսկողության տակ:

Лента

Рекомендуем посмотреть