Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից․ Հունաստանի արտգործնախարարը՝ Երևանում - RadioVan.fm

Онлайн

Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից․ Հունաստանի արտգործնախարարը՝ Երևանում

2020-10-16 17:27 , Политика, 1102

Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից․ Հունաստանի արտգործնախարարը՝ Երևանում

«Աթենքից շատ ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ողջունում ենք զինադադարի պայմանավորվածությունը, բայցև՝ մտահոգված ենք դրա խախտումներով»,-այդ մասին այսօր ՀՀ արտաքին գործերի ննախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

Նա ընդգծեց, որ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակի նրանց, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ:

«Հրադադարը պետք է խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա: Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությունում, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության տարածաշրջանում: Երկու դեպքերում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ»,-ասաց նախարարը՝ շեշտելով բացարձակապես հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությանը:

«Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է: Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում»,-ասաց նա:

Հունաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ այդ առումով իր երկիրն ի սկզբանե բարձրացրել է իր ձայնը:

«Մենք առաջինն էինք, որ պահանջեցինք Եվրամիության արձագանքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տևական հրադադարի և խաղաղ լուծման կոչ անելով: Մենք նաև առաջարկեցինք, որ Եվրամիությունը կոչ անի դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը»,-ասաց Դենդիասը։

Անդրադառնալով նաև Ադրբեջանի չհիմնավորված պնդումներին, մեղադրանքներին, Նիկոս Դենդիասը հիշեցրեց, որ դրանք հաշվի առնելով Հունաստանը խորհրդակցությունների համար Բաքվից հետ է կանչել իր դեսպանին:

Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հայտնեց, որ հայաստանցի գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելքում լարումների ու ապօրինի գործողությունների մասին, որոնցում Թուրքիան խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը։

«Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից»,-ասաց Հունաստանի արտգործնախարարը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը բյուրեղի պես հստակ է:

Մնացականյան-Դենդիաս ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Лента

Рекомендуем посмотреть