Պաշտոնական Երևանը դադարեցնում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը․ նախագիծ է շրջանառվել - RadioVan.fm

Онлайн

Պաշտոնական Երևանը դադարեցնում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը․ նախագիծ է շրջանառվել

2020-10-16 13:47 , Политика, 1563

Պաշտոնական Երևանը դադարեցնում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը․ նախագիծ է շրջանառվել

ՀՀ կառավարությունը՝ ի դեմ Էկոնամիկայի նախարարության, շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման նախագիծը:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում տեղադրված նախագծի հիմնավորման մեջ ասված է․

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:

Հարկ է նաև ընդգծել, որ մեր տնտեսավարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից:

Միաժամանակ հայտնում եմ, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է:

2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն.ԱՄՆ դոլար։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։

2019 թվականին Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, նախնական գնահատականներով վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ։

Հարկ է ընդգծել նաև, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։ Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում»։

Միաժամանակ ընդգծվում է, որ «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին հասարակությանը իրազեկում չի տրվել, որոշման նախագծի մշակմանը և քննարկումներին հասարակությունը ներգրավված չի եղել։

Հիշեցնենք՝ արցախյան առաջնագծի ողջ երկայնքով Թուրքիայի սատարմամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից «Ոչ թուրքական ապրանքներին» կարգախոսի ներքո հայաստանյան մի շարք խոշոր առևտրի կենտրոններ հայտարարեցին թուրքական ապրանքների վաճառքը դադարեցնելու մասին: Նշվեց, որ ներկա պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

Օրեր առաջ էլ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն հրավիրելով այն հարցի վրա, թե աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մինչդեռ ինքներս չենք կիրառում՝ նշել էր, որ կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ և արգելել դրանց՝ տարեկան շուրջ 270 մլն կազմող ներմուծումը Հայաստան։

Лента

Рекомендуем посмотреть