Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։
«Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։
Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,-ասված է Արցախի ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:
Նշենք՝ երեկ ևս հակառակորդը հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքը՝ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբեր: Հրթիռակոծման հետևանքով խաղաղ 1 խաղաղ բնակիչ է զոհվել:
«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը հումանիտար հրադադարի 6-րդ օրը Արցախի խաղաղ բնակավայրերում հակառակորդի խախտումները փաստող լուսանկար է հրապարակել, որում Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է, որի վարորդը մահացել է։