Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձենարկելով հարձակման փորձեր:
«Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու և պաշտպանական գծի կայունությունը ամրապնդելու համար:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հավհաննիսյանն ավելի վաղ Ֆեյսբուքում կատարած գրառմամբ նշել էր, որ վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ։