«Անհեթեթություն է». ԱԱԾ-ն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հայտարարության մասին - RadioVan.fm

Онлайн

«Անհեթեթություն է». ԱԱԾ-ն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հայտարարության մասին

2020-10-16 01:18 , Политика, 1014

«Անհեթեթություն է». ԱԱԾ-ն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հայտարարության մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությանն այն մասին, թե, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում: ԱԱԾ-ն կտրականապես հերքում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը:

«Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի թիրախավորում Ադրբեջանի խաղաղ բնակչությանն՝ ի տարբերություն մեր հակառակորդների, որոնք ժամեր առաջ ռազմական ձախողումների քենը պարպեցին անզեն հայ ռազմագերիների վրա: Համոզված ենք, որ ահաբեկչական այդ գործողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող ահաբեկչական ակտերը, այդ թվում՝ խաղաղ բնակչության, երեխաների, հոսպիտալի թիրախավորումը, քաղաքացիական օբյեկտների և անգամ՝ եկեղեցու ուղղությամբ հարվածները, խստագույն միջազգային գնահատականի կարժանանան: Հայաստանը միջազգային հարաբերությունների պատասխանատու մասնակից է, Հայաստանի հատուկ ծառայություններն այսօր պարտադրված են պայքարել հանուն միջազգային ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի, հանուն խաղաղության և մեր քաղաքացիների անվտանգության»,- նշված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть