Հայաստանում անցած մեկ օրում կատարված 3957 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1371 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք, առողջացել է 406 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 15-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59 995 դեպք է հաստատվել, որոնցից 47119-ն` առողջացած, 1046-ը` մահվան ելքով։
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 311 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 7 ելքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 519 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում:
«Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ ունենք, ինչը պատերազմի պայմաններում ավելացնում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր։ Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Շարունակեք կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն»,-քաղաքացիներին հղած տեսաուղերձում շեշտել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։