Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության (ԱՀ) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակվել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
«Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ»,-մանրամասնում է Արցախի նախագահը։
Հիշեցենք՝ արցախա-ադրբեջանական սահմանգծում հակառակորդի սանձազերծած պատերազմի առաջին օրից իսկ՝ սեպտեմբերի 27-ից, Արցախում1 8-ից բարձր տարիքային խմբի համար զորահավաք է հայտարարված։