Համախմբել ներուժը, հասնել հաղթանակի՝ Արցախի ինքնորոշման ճանաչմամբ. Փաշինյան
Թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները՝ ձախողվել է հայկական բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ կառավարության, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ և ջանքերով:
Քիչ առաջ ժողովրդին հղած ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ արդեն 18 օր է՝ շարունակվում է Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը:
Վարչապետը կարևորելով, որ պետք է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ նշեցմ որ դրա համար պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:
«Արցախի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ որևէ կարգավիճակի ճշտգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որը բանակցային այս բազան ժառանգություն էր ստացել, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր։ Այս պայմաններում, երբ փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում: Ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող էր Արցախը ունենալ, ինքնավար մի բան է՝ Ադրբեջանի կազմում: Ըստ էության՝ դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր»,-մանրամասնեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ միաժամանակ հակառակորդը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը և հայատյաց քարոզը։
Վարչապետը հիշեցրեց, որ վերջին 2.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է բարեփոխումներ և վերազինումներ իրականացնել բանակում՝ փորձելով իրական պայմաններ աստեղծել «Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի» կանխադրույթի համար:
«2020 թվականի հուլիսին տեղի ունեցան Տավուշյան հաղթական մարտերը ապացուցեցին շատերի համար անսպասելին. ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների և, առաջին հերթին, Թուրքիայի համար: Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ և ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, և Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ: Տեղի ունեցավ աննախադեպ մի բան, Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների և վարձկանների՝ Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի, հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար: Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ, այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի և, հետեւաբար, տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն:
Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը, հարցը շարունակելով դիտարկել Ղարաբաղի հակամարտության համատեքստում եւ ըստ էության համարելով, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը:
Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ, իբր հանուն խաղաղության, Եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան: Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ: Եվ հիմա հարցը հետևյալն է՝ արդյո՞ք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձեւավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով Արցախի դեմ պատերազմը անսպասելի չէր։
«Առաջին շաբաթվա ընթացքում հակառակորդը չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն, և սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախն ու Հայաստանը գործում էին շրջափակման պայմաններում: Հակառակորդի մեծ կորուստներն ու զոհերը շատ ծանր էին տանում Ադրբեջանում, իսկ մեր երկրում ամեն կաթիլ արյունը մեզ՝ բոլորիս վիշտն է՝ նշեց վարչապետը։ Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում:
Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին»,-շեշտեց Փաշինյանը՝ նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը հետագա կորուստները կանխելուն ուղղված քայլ որակելով, որին, սակայն, Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե հայտարարած քաղաքական գծին և Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ: Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝ թուրք-ադրբեջանական նախնական պլանը՝ բլից-կրիկով գրավել Լեռնային Ղարաբաղը, ձախողվել է մեր բանակի հերոսական զինծառայողների շնորհիվ»,- նշեց Փաշինյանը:
Դիմելով Հայաստանի, Արցախի, սփյուռքի հպարտ քաղաքացիներին՝
«Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի:
Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը եւ մեր հաշվարկներով՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը:
Բայց այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է, և այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը:
Եւ ուրեմն, անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ»,-ասաց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, որը պետք է պսակվի ազգային նպատակների իրագործմամբ:
«Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է Ազատ և Երջանիկ Արցախ, Ազատ և Երջանիկ Հայաստան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալութուն հայտնելով այն երկրներին ու կառուցներին, որոնք այս օրերին ջանքեր են գործադրել՝ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Նշենք՝ այսօր հատուկ տեսաուղերձով հանդես էր եկել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, նշել էր.
«Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար առաքելության առումով ստանձնած մեր պարտավորությունը և հետագայում շարունակել բանակցություններ։
Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու և փոխարեն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։