Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա:
Այդ մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության (ՊԲ ՀՕՊ) ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:
«Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը»,-ասված էր Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում: