Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի հայերը մոմավառություն են կազմակերպել՝ հարգելով հայրենիքի պաշտպանության համար այս օրերին նահատակված հայորդիների հիշատակը։
Մոմերը՝ դասավորվելով խաչի տեսքով, վառվել են Վալենսիայի քաղաքապետարանի շենքի առջև՝ տեղի իշխանություններին ևս մեկ անգամ հորդորելով հասցեական և կոշտ գնահատական տալ Արցախի ողջ սահմանագծում այս օրերին տեղի ունեցող թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողություններին։
«Մեր հայորդիները անմահացել են հերոսաբար՝ չեն ընկրկել, չեն վախեցել, այլ պայքարել են ահաբեկիչների դեմ մինչև վերջին շունչը։ Մենք հաղթելու՛ ենք»,-նշել են հավաքվածները՝ մոմավառությանը զուգահեռ հնչեցնելով նաև հայրենասիրական երգեր։
Տեղի հայերը ի աջակցություն Արցախի նաև հանգանակություն են կազմակերպել։ Մոմավառության ընթացքում միայն նվիրաբերվել է 2750 եվրո գումար, իսկ ընդհանուր՝ Վալենսիայի հայ համայնքի կոորդինացմամբ, մինչ օրս 40 000 եվրո է հանգանակվել։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Ստոպ, Ադրբեջան», «Ստոպ, Թուրքիա», «Ալիև՝ ահաբեկիչ», «Էրդողան՝ ցեղասպան» կարգախոսներով Իսպանիայի Վալենսիայում 100-ավոր հայեր՝ գլխավոր փողոցներում ծածանելով հայոց եռագույնը, բարձրաձայնել են այս օրերին արցախա-ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով Թուրքիայի սատարմամբ և վարձկան–ահաբեկիչների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների մասին՝ տեղի իշխանություններից պահանջելով այլևս հավասարության նշանի տակ հնչող կոչեր չուղղել Հայաստանին և Ադրբեջանին, և հասցեական գնահատական տալ թուրք-ադրբեջանական ահաբեկչական կառավարությունների գործողություններին։
Առաջիկա օրերին էլ վալենսահայերը նույն պահանջով ավտոերթ են անելու։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան
Տեսանյութը և լուսանկարները՝ Վալենսիայում «Ռադիո Վան»-ի աղբյուրի