«Պաշտպանության մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի (ՊԲ) հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ստորագրել է իր նախաձեռնությամբ Արցախի խորհրդարան ներկայացված և այսօր ընդունված նախագիծը։
Դա, նշում է նա, կկանոնակարգի Արցախի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:
«Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:
Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:
Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:
Ի գործ…»,-ասված է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ։
Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի