Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ:
«Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»,-ասված է Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Նշվել էր, որ զոհեր ու վիրավորներ չկան։