ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում:
«Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ:
Ամբողջ աշխարհում ծավալած մեր գործունեության միջոցով ականատես ենք եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մեր կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը: Ուստի, մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց:
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը հավատարիմ է բոլոր համայնքների հետ համագործակցելու միջոցով համայն աշխարհում մեր ընդհանուր պատմությունը պահպանելու իր առաքելությանը»,-Հիմնադրամի հայտարարությունն են փոխանցում նախարարությունից։
Հիշեցնենք՝ հակառակորդը հոկտեմբերի 8-ին գերճշգրիտ հրթիռով հարվածել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Թիրախավորման հետևանքները լուսաբանելիս՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում, վիրավորվել են օտարերկրյա լրագրողներ, որոնցից մեկի վիճակը գնահատվել է ծանր: Մայր աթոռը, կատարվածը դիտարկելով որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղել Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը դատապարտել են հայտնի քաղաքական, մշակութային գործիչներ։ Աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը կատարվածը որակել է «մշակութային զտման հերթական փորձ»։