Արցախյան գոյամարտի այս օրերին, երբ սահմանագծի ողջ երկայնքով հերոս հայորդիները արյան գնով չեզոքացնում են ադրբեջանա-թուրքական ջհադիստների գրոհները, թիկունքում քաղաքացիները տարաբնույթ ձեռնարկներով փորձում են աջակցել թշնամու հրետակոծությունների հետևանքով հումանիտար աղետի առաջ կանգնած Արցախին:
«Արժեքը 23 000$ գումարը ինձ չեք տալիս այլ ձեր ներկայությամբ փոխանցում ենք Հայաստան համահայկական հիմնադրամին», «Վաճառքի ամբողջ գումարը ձեր իսկ կողմից փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին». նման բովանդակությամբ հայտարարությունների ենք հանդիպում ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վերաբերյալ հայտարարություններում:
Հիշեցնենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։ Արցախին նվիրաբերված գումարի չափն արդեն հատել է 100 մլն դոլարի շեմը։