Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը, և քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի (ԶՈւ) լիարժեք հսկողության տակ:
Այդ մասին այսօր երեկոյան հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Հադրութի մերձակայքում կարող են այս պահին էլ լինել դիվերսիոն խմբեր, սակայն քաղաքը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն հայտնել էր, որ թշնամին, մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Հադրութի ուղղությամբ ու ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Նա նշել էր, որ պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում: Այնուհետ, Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը։