Ֆրանսիացի, կանադացի, ամերիկացի, գերմանացի, հայ, լեհ և աշխարհի այլ երկրների հարյուրավոր գործիչներներ հանդես են եկել «Խաղաղության ու կրակի դադարեցման» կոչով։
«Մենք կոչ ենք անում խաղաղության» (www.wecallforpeace.com) հասցեով կայքում հրապարակված նրանց հայտարարությունում նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ադրբեջանա-թուրքական բանակի և Սիրիայից հավաքագրված վարձկանների և ջիհադիստների միավորված ուժերի միջոցով, լայնամասշտաբ հարձակման անցավ Լեռնային Ղարաբաղի վրա ՝ կատարելով պատերազմական հանցագործություններ քաղաքացիական բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների և մշակութային վայրերի դեմ՝ ունենալով մեկ նպատակ՝ բնաջնջել բնիկ հայ բնակչությունը և նրա ժառանգությունը։
Հայտարարությունում հիշատակվում է Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև 1994թ․-ին ստորագրված զինադադարը, չնայած որի՝ հասարակություններին փոխզիջումների նախապատրաստելու փոխարեն Ալիևի վարչակարգը խրախուսում ու իրականցնում է ագրեսիվ վարք և ատելության խոսք հայերի նկատմամբ։ Որպես հիմնավորում նշվում է Սաֆարովի կողմից 2004-ին իրականացրած սպանության գործը, 2006-ին Ջուղայի մշակութային ցեղասպանությունը, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչը, նշվում են հայտարարության հեղինակները, ադրբեջանական հասարակությանը հեռացրել է փոխզիջումային լուծման գաղափարից:
«Լինելով ժողովրդավարական ազգի բնակիչներ, հայերը պայքարում են երկու բռնապետերի դեմ, ովքեր ցանկանում են օգտագործել այս հակամարտությունը տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս վիճակը ապակայունացնելու համար: Թուրքիայի և Ադրբեջանի արյունալի և ռեպրեսիվ հարձակումներն այսօր պայմանավորված են պանթուրքական նախագծով:
Դա ակնհայտորեն ցույց են տալիս նախագահներ Ալիևի և Էրդողանի միտումնավոր ռազմատենչ գործողությունները և ընդդեմ մարդու իրավունքների հիմնարար իրավունքների իրականացվող բարբարոսական գործողությունները»,-ասվում է հայտարարությունում, որի հեղինակները, միաժամանակ, զուգահեռներ են տանում Ադրբեջանի և Արցախի առաջնորդների հայտարարությունների միջև։
Հիշատակվում է Ադրբեջանի նախագահի հոկտեմբերի 5-ին արված հայտարարությունը, որում նա նշել է, թե «հիմա ցույց են տվել, թե ով՝ ով է, ադրբեջանցի զինվորները շների պես քշում են նրանց»։ Մեջբերվում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 4-ի հայտարարությունը, որում նա նշել է, որ ինքը թուրք և ադրբեջանցի ժողովրդին չի ընկալում որպես թշնամի՝ ընդգծելով, որ «մենք պայքարում ենք Ադրբեջանի, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի դեմ»։
Հայտարարությունը ստորագրած գործիչները միջազգային օրենքների բազմաթիվ խախտումների լույսի ներքո աշխարհի բոլոր մարդկանց և տերություններին կոչ են անում իրենց ազդեցությունն ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի վրա` այս պատերազմին անմիջապես վերջ դնելու համար:
«Մենք կոչ ենք անում անհապաղ միջնորդության գործընթաց իրականացնել, որը երաշխավորում է տարածաշրջանի բոլոր մարդկանց անվտանգությունը»,-ասված է աշխարհի 100-ավոր քաղաքացիների միավորած հայտարարությունում։
Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի