Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ կառավարությունում արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի:
Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության տեղեկացմամբ՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի և հետագա քայլերի ուղղությամբ՝ ողջունելով նման ձևաչափով մտքերի փոխանակությունը:
Նշվել է, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը հանդիպում է կազմակերպել արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ քաղաքական ուժերի հետ։
Հանդիպմանը, ի թիվս ընդդիմադիր այլ գործիչների, ներկա են եղել նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։