Եվրոպական միությունը (ԵՄ) ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար զինադադարի մասին համաձայնությունը՝ ծայրաստիճան անհանգստություն է հայտնել ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով։
Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նախօրեին երեկոյան տարածած հայտարարությունում կողմերին հորդորում է խստորեն պահպանել այս համաձայնագիրը և կոչ է անում բոլոր դերակատարներին, ներառյալ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա զոհերի:
«Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստացած ենք ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, ինչպես նաև քաղաքացիական կորուստների մասին, և կողմերին հորդորում ենք տեղում ապահովել համաձայնության լիակատար հարգումը: ԵՄ-ն կողմերին կոչ է անում առանց հապաղելու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների»,-ասված է տարածած հայտարարությունում, որում նշվում է նաև, որ ԵՄ-ն, հակամարտությանը բանակցային քաղաքական լուծում գտնելու հարցում շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում, ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը հոկտեմբերի 10-ին՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։
Չնայած այս պայմանավորվածությանը՝ հակառակորդը ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակել է մարտական գործողությունները՝ լայնորեն կիրառելով հարվածային թռչող սարքեր:
Միաժամանակ թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։
Հակառակորդն այսօր էլ վերսկսել է հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում: Թշնամին, միաժամանակ, մեծաքանակ ուժերի կենտրոնացմամբ, փորձում է ներխուժել Հադրութ։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ՝ հրադադարից հետո հակառակորդն Արցախում 5 խաղաղ բնակչի է սպանել, ընդհանուր 25 զոհ կա, 102 վիրավոր։