Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:
Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր ևս. հանգամանքները դեռևս պարզվում են:
Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում վիրավորվել է մեկ 65-ամյա կին:
Ադրբեջանական հրթիռահրետանային թիրախային հարվածների հետևանքով տարբեր բնակավայրերում էականորեն վնասվել են նաև բնակելի տներ ու ենթակառուցվածքներ: Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածք այցի ընթացքում Պաշտպանը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված «Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն կիրառվում են Ադրբեջանի կողմից:
Արցախի ՄԻՊ գնահատմամբ՝ հակառակորդը խաղաղ բնակչությանը թիրախավորում է դիտավորյալ ու չտաբերակված կերպով, անգամ առաջնագծից մինչև 100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերն են թիրախավորվում:
Ընդհանուր առմամբ, 27.09.2020թ.-ից առ 10.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, 102 մարդ էլ վիրավորվել է:
Այսօր հրավիրված ճեպազրույցին Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհերն ու վիրավորներն արձանագրվել են բոլոր ուղղություններով և բոլոր բնակավայրերում՝ ընդհուպ մինչև Քաշաթաղի կենտրոնական շրջաններում, զոհերի կեսից ավելին 50-ից ավելի տարիքի են: 25 զոհերից 9-ը կին է, մեկը՝ 9 տարեկան երեխա:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ քաղաքային բնակչության դեմ կիրառվել են նաև բարձր ճշգրտության զենքեր, արձանագրվել են դեպքեր, երբ Հադրութի քաղաքացիական բնակչության դեմ կիրառվել է իսրայելական «Հարոպ» տիպի ինքնասպան անօդաչու, կան նաև ռուսական, բելառուսական, թուրքական և ուկրաինական զենքերի կիրառման հստակ ապացույցներ։ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ այդ զենքերի որոշ պահեստամասեր արտադրվել են այլ պետություններում, հետևաբար, երկրորդ մակարդակում այդ պետությունները նույնպես կրում են պատասխանատվություն։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մամլո ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրապարակել էր Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը, որի բովանդակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: