Այսօր Երևանի տոնն է, այն կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ. Հայկ Մարության - RadioVan.fm

Онлайн

Այսօր Երևանի տոնն է, այն կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ. Հայկ Մարության

2020-10-11 14:29 , Общество, 945

Այսօր Երևանի տոնն է, այն կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ. Հայկ Մարության

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է, որը քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին:

Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումից:

Քաղաքապետը, մասնավորապես, գրել է.

«Սիրելի երևանցիներ,

Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին: Վստահ եմ, որ մեր սերունդները, այս օրերի մասին հիշելիս, մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում:

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է՝ հետաձգվել են՝ քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքն անխորտակելի են: Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետև մեր գործն արդար է, հաղթանակն՝ անխուսափելի:

Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցե՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը:

Հաղթելու ենք»։

Նշենք՝ Երևանի ավագանին հոկտեմբերի 6-ին կայացրած որոշմամբ քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ է հատկացրել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վերականգնման աշխատանքներին:

Իսկ մինչ պետարեզմի վերսկսումը՝ սեպտեմբերի 1-ին քաղաքապետը հայտնել էր, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ շուրջ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնի վերազինմանն ու վերանորոգմանը։

Лента

Рекомендуем посмотреть