«Իսրայելի իշխանությունը եթե ասի, որ տեղյակ չէ, դա հերթական ծաղրանքը կլինի մարդկության նկատմամբ, քանի որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ դրանք օգտագործվում են հարձակողական նպատակներով, այլև՝ Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ դրանք օգտագործում»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով արտասահմանցի լրագրողի այս հարցին, թե, արդյո՞ք, Իսրայելի կառավարությունը տեղյակ է, որ պաշտպանական նպատակներով օգտագործման պայմանով իրենից գնված գրոհային անօդաչու թռչող սարքերն Ադրբեջանն այսօր օգտագործում է հարձակողական նպատակով:
«Իհարկե, տեղյակ է ու շարունակում է այսօր էլ մատակարարել: Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը, որը ապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում և Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այս քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային արժեքները, այլև՝ Աստծո սահմանած արժեքները»,-ասաց Արցախի նախագահը՝ շեշտելով, որ տեղյակ են ոչ միայն Իսրայելի իշխանությունները, այլև բոլոր իշխանությունները և շարունակում են մատակարարել:
Նշենք՝ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Օրեր առաջ իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառմամբ «ցավալի է և ամոթալի» էր համարել փաստը, որ Իսրայելն ինքը, որը տուժել է պատերազմներից և ահաբեկչական հարձակումներից, զենք է մատակարարում Ադրբեջանին, որը, նշել էր նա, «ոչնչով լավ չէ «Հեզբոլլահի» իսլամիստներից»։