Այսօր 12:00-ից ուժի մեջ մտած մարդասիրական հրադադարը դեռ չի նշանակում, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի կողմից սանձազերծված պատերազմը ավարտված է. պատերազմը շարունակվում է, եթե նույնիսկ համեմատաբար մեղմացել են կրակոցները, ռմբակոծումներն ու հրետանակոծումները և ամբողջ հայությունը պետք է շարունակի նույն թափով մասնակցել պատերազմի հետևանքներին դիմակայելու համար՝ համահայկական և Հայաստան-Արցախի համար անհրաժեշտ մարդասիրական օժանդակության առաքումներին, որոնք համադրվում են պետական համապատասխան կառույցների հետ։
Այդ մասին ընդգծվում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) Բյուրոյի այսօր ժամ առաջ տարածած հայտարարությունում:
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Այսօր, ժամը 12։00-ից սկսած, ուժի մեջ է մտել մարդասիրական նպատակներով հրադադարը, Արցախ-ադրբեջանական շփման գծի երկայնքով։ Հրադադարի վարչակարգի հարաչափերը (parameters) դեռ պիտի ճշտվեն։
Ռազմաճակատի երկայնքով այս արդեն խախտվող հրադադարը չի վերաբերվում, չի կարող վերաբերվել արտաքին ճակատում, միջազգային հանրության մոտ մեր աշխատանքներին, որովհետև Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ռազմական գործողություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը, Թուրքիան շարունակում է անվերապահ աջակցություն հայտնել Ադրբեջանին՝ նաև ռազմաճակատի ուղղությամբ։
Աշխարհով մեկ պետք է շարունակենք մեր բողոքի գործողություններն ու քաղաքական-հարաբերական աշխատանքները, շեշտելով՝
-Արցախի հարցի կարգավորման ամենաճիշտ, ամենաարդար և ամենաազդու միջոցը՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է.
-Ադրբեջանը պետք է իր կողմից վերահսկվող տարածքներից հեռացնի միջազգային ահաբեկչության վարձկաններին, որոնք այնտեղ են հասել Թուրքիայի նախաձեռնությամբ ու կարգադրությամբ.
- Թուրքիան որպես հակամարտության կողմ հանդես գալու իր բոլոր ջանքերի պատճառով պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից. Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն՝ ամբողջ տարածաշրջանի կայունությանը հարվածող իր ոտնձգությունների պատճառով։
Այս հրադադարը դեռ չի նշանակում, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի կողմից սանձազերծված պատերազմը ավարտված է. պատերազմը շարունակվում է, եթե նույնիսկ համեմատաբար մեղմացել են կրակոցները, ռմբակոծումներն ու հրետանակոծումները։
Քաղաքական-քարոզչական աշխատանքներին զուգահեռ, ամբողջ հայությունը պետք է շարունակի նույն թափով մասնակցել պատերազմի հետևանքներին դիմակայելու համար՝ համահայկական և Հայաստան-Արցախի համար անհրաժեշտ մարդասիրական օժանդակության առաքումներին, որոնք համադրվում են պետական համապատասխան կառույցների հետ։
Այս պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու և հաղթանակն ամրագրելու պահը հիմա է։ Բոլորս՝ ի զեն, յուրաքանչյուրս՝ իր հնարավորությունների առավելագույնը տալով»։