Ի կատարումն հոկտմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության՝ պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումներին հրամայվել է դադարեցնել կրակը:
Այդ մասին տեղեկացնում են Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարություններից։
Երեկ Մոսկվայում, ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը այսօր՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։
Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
Կողմերը միաժամանակ վերահաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։