Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը, հարավային ուղղությամբ անօդաչուներ են կիրառվում․ ՊՆ մամուլի խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը, հարավային ուղղությամբ անօդաչուներ են կիրառվում․ ՊՆ մամուլի խոսնակ

2020-10-10 10:30 , Общество, 1382

Հակառակորդը նենգաբար փորձում է  փոխել իրավիճակը, հարավային ուղղությամբ անօդաչուներ են կիրառվում․ ՊՆ մամուլի խոսնակ

Մինչ հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելը՝ հակառակորդը նենգաբար փորձում է սահմանին փոխել իրավիճակը։

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրելով․

«Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։

Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»։

Մեկ այլ գրառմամբ էլ Շուշան Ստեփանյանը մանրամասնում է․

«Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան»։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ անդրադառնալով Խոջալուից Հադրութին հարվածելու մասին Ադրբեջանից եկող լուրին՝ նշել է․

«Սա արդեն ոչ թե սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է»։

Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում, ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը այսօր՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։

Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

Կողմերը միաժամանակ վերահաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть