Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով երեկ ուշ երեկոյան հայտնել էր, որ այսօր առավոտjան ժամը 10-ին մամլո ասուլիս է անցկացնելու՝ րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ hաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նախատեսված մամլո ասուլիսը հետաձգում է, այն կանցկացվի երեկոյան ժամը 17:00-ին:
Նշենք՝ հայկական երկրորդ հանրապետության նախագահը նշել էլ, որ խոսելու է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, այս օրերին դրա թողած հետևանքների և մեր անկոտրում պայքարի մասին:
Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում, ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը այսօր՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։
Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
Կողմերը միաժամանակ վերահաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։