«Չնայած բոլոր ջանքերին՝ մեր հակառակորդին չի հաջողվել հասնել ոչ մի նշանակալի արդյունքի: Մեր ժողովուրդը միասնական է, քան երբևէ և լի է վճռականությամբ՝ պաշտպանելու իր ազատությունն ու անկախությունը: Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների վերջին մի քանի օրվա հայտարարություններին համապատասխան»,-այդ մասին Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին։
«Ադրբեջանական զորքերը՝ Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնիկայի բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ:
Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են հրթիռային և հրետանային անընդհատ կրակի տակ: Թիրախավորված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքին, ավերվել են բնակելի շենքեր: Առանձնապես տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է:
Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից: Այս փաստը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային ամենահեղինակավոր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»,-ասել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ սա մեզ համար ճակատագրական թեմա է, և ինքը անպայմանորեն ցանկանում էր ներկաների հետ կիսվել այն դրամատիկ իրադարձությունների մասին տեղեկատվությամբ, որոնք հիմա տեղի են ունենում մեր անհանգիստ տարածաշրջանում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։
Նեղ կազմով նիստից հետո կայացել է ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով հանդիպումը։
Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի 4-ին, Մոսկվայում։