«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավին արդեն նվիրաբերվել է 85 մլն ԱՄՆ դոլար։
Այդ մասին տեղեկանում ենք Հիմնադրամի ֆեսբուքյան հրապարակումից։ Նշվում է, որ դրամահավաքին զուգահեռ մոբիլիզացնում է նաև համաշխարհային ցանցը՝ մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։
«Նվիրված բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան hիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երևան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։
Համահայկական հիմնադրամի և նրա մեծահոգի բարերարների ջանքերի շնորհիվ արդեն մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երևան՝ կրկին տեղ հասցնելով անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն։
Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։
Բեռնափոխադրումը և առաջին ահրաժեշտության բժշկական անձնակազմի ներգրավումը կազմակերպելուց բացի, ԱՄՆ-ի Հայաստան Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հավելյալ 21մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է հավաքագրվել և փոխանցվել հայրենիք։
Միայն միասին մենք կարող ենք փրկել մեր հայրենիքը։
Արա՛ քո նվիրատվությունը հիմա»,-ասված է Հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։