Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են:
«Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ:
Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»,-ընդգծել էր նա։
Հիշեցնենք՝ անցնող գիշերը սահմանին կայուն լարված է եղել։ Հաղորդվել էր, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ, ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
Նշենք՝ այսօր Մոսկվայում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները խորհրդակցություն են անցկացնելու գերիների և զոհերի աճյունները փոխանակելու նպատակով հրադադար հաստատելու վերաբերյալ։