Աղոթատների նպատակային թիրախավորումը հակասում է բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին. Մայր Աթոռը միջկրոնական կառույցներին վճռական ձայն բարձրացնելու կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

Աղոթատների նպատակային թիրախավորումը հակասում է բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին. Մայր Աթոռը միջկրոնական կառույցներին վճռական ձայն բարձրացնելու կոչ է անում

2020-10-08 18:27 , Общество, 1396

Աղոթատների նպատակային թիրախավորումը հակասում է բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին. Մայր Աթոռը միջկրոնական կառույցներին վճռական ձայն բարձրացնելու  կոչ է անում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը դատապարտող հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը և հայկական մշակութային ներկայության ոչնչացմանը միտված իր դատապարտելի և այլևս ավանդական դարձած քաղաքականությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել և ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման։

Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումը ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին»:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ այսօր հակառակորդը գերճշգրիտ հրթիռով հարվածել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն:

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը հայտնել է, որ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում վիրավորվել են լրագրողներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով եկեղեցու հրթիռակոծման փաստին՝ արձանագրել է.

«Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 2-րդ ամենախիտ բնակեցված քաղաք Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում»:

Лента

Рекомендуем посмотреть