«Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում»,-այդ մասին ilur.am-ում հրապարակված հոդվածում ընդգծել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով խոսքը հետևյալ կետի մասին է՝ «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:
«Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում: Այդ դոկտրինի էությունը հետևյալն է. երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։
Ավելորդ համարելով մտնելու մանրամասների մեջ, որոնք արտացոլված են 2016թ. մայիսի 6-ին հրապարակված իմ հոդվածում, հարկ եմ համարում ընդգծել միայն հետևյալը. այս դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել»,-մանրամասնել է ՀՀ առաջին նախագահը:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Ժնևի քաղաքային խորհուրդը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին որոշում է ընդունել: