Հայաստանում անցած մեկ օրում կատարված 3656 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 718 նոր դեպք, արձանագրվել է մահվան 9 դեպք, առողջացել է 202 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 8-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54 473 դեպք է հաստատվել, որոնցից 45 312-ն` առողջացած, 1004-ը` մահվան ելքով, ևս 302 վարակակիր, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, մահացել է այլ հիվանդության պատճառով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7855 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 316 479 թեստավորում:
Հիշեցնենք՝ հանրապետությունում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճը նկատի առնելով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հորդորել է առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին աջակցելու, առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարարումից խուսափելու համար սրբորեն հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին։