Առաջնագծի հատվածներից մեկում զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ մի քանի օր առաջ ահազանգ է ստաել, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ստացած տեղեկատվության հիման վրա Փաշինյանի հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, որի շրջանակում գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Վարչապետը հավելում է, հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին:
Փաշինյանն ընդգծում է` դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից: