«Ուրուգվայի Սենատը միաձայն ընդունեց հայտարարություն, որտեղ դատապարտվում է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձականներ ներգրավելը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուրուգվայում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը։
Սենատորները նշելով, որ այդ իրողությունը «վտանգի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը»՝ դատապարտել են հումանիտար իրավունքի խախտումը և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը:
«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատթարացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ և իր համերաշխությունն է հայտնում այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին: Ուրուգվայը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի դեմ, որի հետ միշտ պահպանել է ամուր բարեկամական կապեր»:
Ուրուգվայը վերահաստատում է իր աջակցությունը միջազգային հանրության կոչերին՝ երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադարի հաստատման, երկխոսության և բանակցությունների մթնոլորտի վերականգնման վերաբերյալ, որը, ըստ հայտարարության, անփոխարինելի պայման է հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում: Այս համատեքստում, Ուրուգվայը սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի անդամների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և երկխոսությունը վերսկսելու կոչերը»,-ասված է հայտարարությունում։