Հայերի դեմ կռվող վարձկանների թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ․ ՀՀ ՄԻՊ-ը ահազանգում է - RadioVan.fm

Онлайн

Հայերի դեմ կռվող վարձկանների թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ․ ՀՀ ՄԻՊ-ը ահազանգում է

2020-10-07 13:13 , Право, 2044

Հայերի դեմ կռվող վարձկանների թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ․ ՀՀ ՄԻՊ-ը ահազանգում է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ահազանգում է՝ Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ «ԻԳԻԼ»-ի անդամներ։

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես․ հայտնում է․

«Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ:

Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:

Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարներ ու տեսանյութեր:

Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում:

Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտմեբրի 26-ի 42/9 բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ:

Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»:

Лента

Рекомендуем посмотреть