Զգոն եղեք, որևէ մեկին թույլ չտաք նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը․ Արցախից Հայաստան եկածներին հորդորում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Գերատեսչությունից հայտնում են, որ վերջին օրերին ահազանգեր են ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին: Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում և լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:
Այդ իրողությունը հաշվի առնելով՝ նախարարությունից խնդրում են․
-զգոն լինել,
-որևէ մեկին ԹՈՒՅԼ ՉՏԱլ նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը,
-պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց ՊԱՀԱՆՋԵլ դրա մասին հավաստող վկայական ներկայացնել,
-յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգել Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմել Ձեզ հյուրընկալած տեղացիներին,
-և հիշել՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարել 117, չվճարել Ձեզ աջակցություն խոստացող որևէ անհատի: