Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հղած բաց նամակում խնդրել է միջամտել և կանգնեցնել Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին:
«Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և նախևառաջ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, խնդրում եմ ձեր միջամտությունը և կոչը Ադրբեջանին` անհապաղ դադարեցնել այդ ավերիչ պատերազմը: Առաջնագծում երիտասարդը զոհվում է կամ անվերադարձ վիրավորվում` ապագայում իր երկրի պետականաշինությանը մասնակցելու փոխարեն։ Ի խորոց սրտի, խնդրում եմ ձեզ օգտագործել ձեր ողջ ուժը` մարդկային այս ողբերգությունը դադարեցնելու և կողմերին խաղաղ բանակցությունների վերադարձնելու համար»,- նամակում նշել է անվանի ֆուտբոլիստը՝ ընդգծելով, որ այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին ուժերի միջամտությամբ, ինչը սպառնալիք է ներկայացնում նաև Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության անվտանգությանը, մինչդեռ Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ: