«Ահաբեկիչնե՛ր, մի բան հասկացեք՝ ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է, մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք՝ այսօր` կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, հարավային ուղղությամբ անցել են լայնամասշտաբ պատերազմի` անտեսելով նաև Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքի անվտանգությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձանագրելով, որ այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արգործնախարարների հայտարարությունից ժամեր անց՝ հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար, ուստի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։